Jan 18, 2010

Շնորհավորում եմ հայերին և թուրքերին

Tert.am-ը գրել է այսօր։
Անկարայի Սինջան շրջանի քրեական դատարանը որոշում է կայացրել «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչների դեմ հետաքննություն չսկսելու և նրանց քրեորեն չհետապնդելու մասին: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ 2008թ. դեկտեմբերին չորս թուրք մտավորականներ` Բասքըն Օրանը, Ահմեդ Ինսելը, Ջենգիզ Աքթարը և Ալի Բայրամօղլուն, հանդես էին եկել «Հայերից ներողություն խնդրելու» արշավ սկսելու նախաձեռնությամբ, որի շրջանակում կազմակերպվել էր ինտերնետային ստորագրահավաք։ Մտավորականների դեմ Թուրքիայի վեց քաղաքացիների ներկայացրած հայցի հիման վրա հետաքննություն էր սկսվել Անկարայի դատախազությունում «թուրք ազգին հրապարակավ վիրավորելու մեղադրանքով», այսինքն` Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։
2009թ. հունվարին Անկարայի դատախազությունը որոշում էր կայացրել «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչ չորս թուրք մտավորականներին քրեորեն չհետապնդելու մասին։ Որոշումը հիմնավորվել էր նրանով, որ «ժողովրդավարական հասարակության մեջ հակադիր կարծիքները պաշտպանված են մտքի և խոսքի ազատության իրավունքով»։
Իսկ ավելի ուշ` 2009թ. մարտին, Սինջանի քրեական դատարանը բավարարել էր Անկարայի դատախազության` «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչներին քրեորեն չհետապնդելու վերաբերյալ որոշման բողոքարկումը:

Հազարից մեկ, մի լավ բան են ասում քաղաքական կյանքինց։ Բոլորիս շնորհավորում եմ։ Սա նախադեպ է , որը կբացի թուրք առաջադեմ մտածողների բերանները։ Ցեղասպանության ընդունումը ըստ ինձ , ընդունելի է միայն թուրքիայի հասարակության ներքին ապաշխարության միջոցով և ոչ երբեք արտաքին ուժերի ճնշման տակ, որոնք ցեղասպանության հարցը օգտագործում են, որպես խաղաքարտ իրենց պետական և տնտեսական խաղերի մեջ։

No comments:

Post a Comment

 
Սպորտային նորություններ